Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա ոչ միայն որպես մարզական, այլև մշակույթի և արվեստի կենտրոն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, որպես բանախոս, այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:
Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Ասուլիսի մյուս բանախոսներն էին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է այս կարևոր մարզական միջոցառումը մեր երկրում առաջին անգամ հյուրընկալելու առթիվ և նշել, որ Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությանը, որը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային, ըստ նախնական ցանկի, կմասնակցի 500 մարզիկ՝ 40 երկրից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում նման մասշտաբի առաջնության անցկացումը նախևառաջ ունի մարզական նշանակություն, ապա այն ընդգծում է մեր երկրի՝ որպես մարզական կենտրոնի դերը, ինչն էլ կխթանի ոլորտի զարգացումն ու առողջ ապրելակերպը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատասխանատու բոլոր օղակների կողմից արվում է առավելագույնը՝ բարձր նշաձող ապահովելու համար, և այս համատեքստում հիշատակելի է (օրինակելի է) նախորդ տարի Հայաստանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Կարծիքներ