Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր մերժել է դատախազության բողոքը՝ նրան չկալանավորելու որոշման դեմ։
Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նոյեմբերի 19-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել էր նրան կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, որից հետո դատարանի այդ որոշումը ՀՀ դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։
Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․
«Հարգելի գործընկերներ, Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑԻՆ՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է պաշտպանը:
Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը եւ «Սիսական» կամավորական ջոկատի անդամ Աշոտ Ավագյանը, որոնց կալանավորելու միջնորդությունները եւս մերժվել են։
Կարծիքներ