Ինչ է նշանակում Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը տանել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ
Ինչ է նշանակում Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը տանել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ:
Այստեղ քաղաքական բարձր հարթակի աստիճանակարգությունից բացի, ՄԱԿ ԱԽ քննարկումը առնվազն նշանակում է ընդլայնել և բազմազանեցնել ուժային կենտրոնների շրջանակը, որոնք ներգրավված կլինեն Կովկասի ռեգիոնալ զարգացումներում և դրանց վերաբերյալ որոշումներում:
ՄԱԿ ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամներ, որոնք ունեն վետոյի իրավունք, և տասը փոփոխվող անդամներ: Հինգ մշտական անդամներն են ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան՝ որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, և Մեծ Բրիտանիա ու Չինաստան:
Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փաստորեն առաջարկում է Կովկասի հարցերը քննարկել այդ շրջանակով, ռուս-թուրքական ձևաչափի փոխարեն:
Կընդառաջի՞ Երևանն այդ գաղափարին և կդիտարկի՞ հարցը ՄԱԿ ԱԽ տանելու հնարավորությունը: Երևանն առայժմ դիմել է ՀԱՊԿ-ին՝ խորհրդակցություն սկսելու մասին, քաղաքական դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով: Չի բացառվում, որ այստեղ անարդյունավետության պարագայում Երևանն անդրադառնա Մակրոնի առաջարկին:
Միաժամանակ պետք է դիտարկել նաև այն, որ հնարավոր է Ֆրանսիայի նախագահի արտահայտած գաղափարին անդրադառնալը պայմանավորի ՀԱՊԿ-ում Հայաստանի դիմումի քաղաքական արդյունավետության հեռանկարը: Միաժամանակ պետք չէ վստահ լինել նաև, թե ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի համար հարցերը լուծվելու են սահուն կերպով: Հայաստանի համար դա էլ ենթադրելու է ուժերի մոբիլիզացիա և քաղաքական լուրջ աշխատանք ու պայքար:
Չմոռանանք 44-օրյա պատերազմի ընթացքում ՄԱԿ ԱԽ բանաձևի քննարկման հայտնի պատմությունը, որը տապալվել էր մշտական անդամներից մեկի «խորհրդավոր» վետոյի հետևանքով:
Այդուհանդերձ, շահերի շրջանակի բազմազանեցումն ու ընդլայնումը Երևանի համար անկասկած ավելի ճկուն խաղալու հնարավորություն է, ի տարբերություն ռուս-թուրքական ձևաչափի գերակայության:
Կարծիքներ