ԵՄ-Ն ուշադիր հետևում է «Հայաստան Ադրբեջան սահմանի երկայնքով անհանգստացնող զարգացումներին»

ԵՄ-Ն ուշադիր հետևում է «Հայաստան Ադրբեջան սահմանի երկայնքով անհանգստացնող զարգացումներին»

Եվրոպական Միության Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեփ Բորելը հայտարարություն է տարածել (14.05.2021) Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վիճակի վերաբերյալ։

«Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով անհանգստացնող զարգացումներին», - ասվում է հայտարարության մեջ։

Բորելը նշել է, որ իր անունից զրույց է եղել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Եվրոպական արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն իմ անունից հինգշաբթի զրուցեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և այս ուրբաթ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն և լիցքաթափել իրավիճակը», - նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն հայտարարության՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը կապի մեջ է եղել նաև Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահության հետ:

«Սահմանային դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ի շահ տեղի բնակչության անվտանգության: Մենք ողջունում ենք երկու կողմերի տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», - նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն շարունակում է աջակցել «հակամարտության համապարփակ կարգավորմանն ու խրախուսում երկուստեք երկրներին գտնել տարածաշրջանում կայունությունը պահպանող խաղաղ լուծումներ»:

Նշենք, որ Ջոզեփ Բորելը չի նշել, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, և ընդամենն իրավիճակը գնահատել է որպես «Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով անհանգստացնող զարգացումներ»։

Նյութը՝ hraparak.am

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում