Ընդդիմությունը սպասում է. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն եմ իրականացրել, այժմ էլ բնականաբար, հետևում եմ Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ էության, վարչապետի վերջին ելույթից հետո խորհրդարանական ընդդիմությունը ևս ընդունում է, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, ինչպես իրենք են ասում՝ պատերազմից 5 է պակաս։
Պարզվում է` վարչապետը ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է փակ հանդիպման ձևաչափով ներկայացնել և քննարկել տեղի ունեցող գործընթացի մասին տեղեկություններ, ինչը մերժվել է ընդդիմության կողմից։ Այնուհետև առաջարկվել է նույնպիսի քննարկում իրականացնել ԱԺ խորհրդի կազմով, որտեղ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդները ներկայացված են: Այս առաջարկը նույնպես մերժվել է:
Այս համատեսքստում այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել։
Ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում այսքան լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը։ Ընդ որում՝ չի եղել որևէ իրավիճակ, երբ իմ խորհրդարանական գործունեության ընթացքում` ո'չ Ապրիլյան պատերազմից առաջ և ո'չ էլ հետո գլխավոր բանակցողը հրավիրեր խորհրդարանական ընդդիմությանը՝ ներկայացնելու և քննարկելու բանակցային գործընթացի մասին որևէ տեղեկություն կամ հարց։
Սակայն այժմ, այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։
Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսևորում է, որը որևէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում։
Ակնհայտ է, որ ընդդիմությունն սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել։
Մինչդեռ, հնարավորություն դեռ կա որպես օրենսդիր իշխանության մաս այդ գործառույթներն իրականացնելու համար»։
Կարծիքներ