Հաստատել ենք ծրագիր, որով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կացության վայր չունեցող քաղաքացիներին. Միգրացիոն ծառայության պետ
2020 թվականին առաջին անգամ կառավարությունը հաստատել է պետական ծրագիր՝ հարկադիր վերադարձող քաղաքացիներին օժանդակելու համար։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Մենք հաստատել ենք ծրագիր, որով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կեցության վայր չունեցող քաղաքացիներին։ Տրամադրում ենք բնակարանի վարձի փոխհատուցում 60 հազար դրամի չափով վեց ամսվա ընթացքում։ Սա այդ ոլորտում առաջին պետական ծրագիրն է։ Մի քանի օր առաջ մեկնարկեցինք միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ կարևոր ծրագիր, որը խրախուսելու է ռեինտեգրացիան տնտեսական ոլորտում։ Այսինքն վերադարձող քաղաքացին կարողանալու է ներդրում կատարել և համաչափ ներդրում ստանալ ու բիզնես հիմնադրել, բայց դա առնչվում է կամավոր վերադարձին։ Դրանով ցանկանում ենք խրախուսել կամավոր վերադարձը և խուսափել հարկադիր վերադարձի դեպքերից»,-նշեց Արմեն Ղազարյանը։
Հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։
Արմեն Ղազարյանը նշեց, որ արձանագրությունների նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում դյուրացնել հետընդունման համաձայնագրի իրականացումը. «Հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցման սերտացմանը։ Այս համատեքստում խիստ կարևորվում է միգարցիայի դեմ պայքարը։ Արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա»,-նշեց միգրացիոն ծառայության պետը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։
Կարծիքներ