Քաղաքաշինության կոմիտե-ՀԲ գործակցությունն առավելապես կառնչվի բնակֆոնդի արդիականացմանը և շենքերի անձնագրավորմանը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Համաշխարհային բանկի` քաղաքաշինության և աղետների ռիսկի կառավարման ծրագրեր իրականացնող թիմի ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կողմերն ամփոփել են համատեղ իրականացված նախաձեռնությունները և դիտարկել համագործակցությունը շարունակելու հնարավոր ուղղությունները: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է Համաշխարհային բանկի արհեստավարժ մասնագետների թիմի հետ արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում մշակվել են շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերը, և մեկնարկել է էներգաաուդիտի ուղղությամբ գործակցությունը:
Ըստ աղբյուրի՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրվածությունն են ցուցաբերել այն միջոցառումների նկատմամբ, որոնք կոմիտեն իրականացնում է՝ ՀՀ կառավարության ծրագրի և քաղաքաշինության ոլորտի ռազմավարության համաձայն: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ դիտարկելու դրանց իրագործմանն աջակցելու հնարավոր ուղիները:
Նշվում է, որ հանդիպման արդյունքում նախանշվել է կոմիտե-ՀԲ գործակցության օրակարգը, որն առավելապես կառնչվի բնակարանային ֆոնդի արդիականացմանը և շենքերի անձնագրավորմանը: Կկազմակերպվի ևս մեկ քննարկում՝ հստակեցված ուղղությունների առավել մանրամասն ուսումնասիրման նպատակով:
Կարծիքներ