Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման ընթացքում Հայաստան է տեղափոխվել 11 կալանավոր․ նրանցից 1-ին ոստիկանությունը հայտնաբերել է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ընթացքում ազատ է արձակվել 11 կալանավոր, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ Հայաստան են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում կալանքի տակ եղած մարդիկ: «Ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով: Այդ գործընթացը քաոտիկ բնույթ է կրել»,- ասաց նա:
Նախարարն ասաց, որ այդ տվյալներին տիրապետում են: «Անցյալ շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար, Վանաձորից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ հանրապետությունից դուրս գալու սահմանափակում է դրված բոլորի համար:
Նախարարը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ կա բավականին մեծ քանակությամբ և՛ օրինական, և՛ անօրինական զենք: Ունենք որոշակի օպերատիվ տեղեկություններ: Հիմա գործընթացը մշակման փուլում է»,-ասաց նախարարը՝ հորդորելով անօրինական զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին:
Ղազարյանն ասաց, որ հիմա, այդ հարցերի հետ կապված, աշխատում են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատողների հետ: Ներքին գործերի նախարարը նշեց, որ նաև պարգևատրումներով տրված զենքերի հետ կապված ևս խնդիր կա:
Կարծիքներ