ՌԴ-ն և Ուկրաինան կարևոր հարցերի շուրջ հասել են համաձայնության, մնացածը պիտի որոշվի նախագահների մակարդակով. Չավուշօղլու
Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցային գործընթացում մերձեցվել են մի շարք կարևորագույն հարցերի շուրջ, սակայն դրանցից մի քանիսը պետք է լուծվեն նախագահների մակարդակով։ Այս կարծիքը կիրակի օրը «Hürriyet» թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Կարևոր հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումները համընկնում են: Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե ամբողջությամբ համընկնում են խաղաղության համաձայնագրի առաջին չորս կետերի շուրջ: Որոշ հարցեր պետք է լուծվեն նախագահների մակարդակով»,- ասել է ԱԳ նախարարը:
Միաժամանակ նա չի հստակեցրել, թե ինչ թեմաներով են Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները համընկնում։
Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպում:
«Եթե խաղաղություն և համաձայնություն ձեռք բերվի, նրանք անպայման կհանդիպեն»,- ասել է նա՝ պնդելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները չեն բացառում նման հնարավորությունը։
«Այսօր մենք տեսնում ենք, որ սկզբունքորեն կողմերից ոչ մեկը դեմ չէ Թուրքիայում հանդիպմանը։ Որոշ այլ երկրներ նույնպես ջանքեր են գործադրում այդ հանդիպումը կազմակերպելու համար, բայց մենք ուրախ կլինենք նրանց հյուրընկալել Թուրքիայում»,- ընդգծել է նախարարը։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան «ցանկություն ունի այս հանդիպումը անցկացնել եռակողմ ձևաչափով, Էրդողանի մասնակցությամբ, Անթալիայում։
Կարծիքներ