Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմով ազդարարվել է «ՌեԱ» 16-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Կինոյի տանը օսկարակիր ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի մեկնարկը: Փառատոնի կարգախոսն է՝ «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն»։
Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ անիմացիայի միջոցով կարողանում ենք պատմել պատմություններ հետաքրքիր մոտեցումներով ու ձևերով. «Անիմացիայի միջոցով կարող ենք խոսել արգելքներից, դժվար թեմաներից և յուրովի ներկայացնել մեր երկիրը, մեր պատմությունն ու մշակույթը երիտասարդներին: Վերջին տարիներին նկատում ենք, որ մեր ստեղծագործողների մտահորիզոնն ու հայացքներն ընդլայնվել են, ինչը կարևոր ձեռքբերում է, քանի որ մշակույթը չի կարող ունենալ ֆիզիկական սահմաններ, այն պետք է սավառնի, կոտրի պատնեշները»:
Դանիելյանի համոզմամբ՝ հայկական անիմացիայի մեծերին հաջողվել է իրենց գիտելիքները հմտորեն փոխանցել երիտասարդներին, որոնք ստեղծարար են, նախաձեռնող, ինչի արդյունքում ոլորտում ակնհայտ զարգացում կա: Դրան նպաստել է նաև «Ռեանիմանիա» փառատոնը:
«ՌեԱ» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու տեղեկացմամբ՝ փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոներում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ. «Մենք 16 տարի շարունակ աշխատում ենք և ստեղծել ենք ոչ միայն ֆիլմերի ցուցադրման, այլև համարտադրության հարթակներ, որոնք շատ կարևոր են: Երկրորդ տարին է՝ կազմակերպում ենք CoReAct համատեղ արտադրության հարթակը: Այս տարի հարթակում 17 նախագիծ է ներկայացված, մասնակցելու է 15 միջազգային պրոդյուսեր»: Վրեժ Քասունին կարևորել է նաև MarAni անիմացիոն շուկան, որի շրջանակում կլինեն հյուրեր Դիսնեյից, տարբեր ընկերություններից, Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից։ Բանախոսները ներկայացնելու են VR-ի, AI-ի գաղտնիքներն ու տեխնոլոգիական հմտությունները։ Վրեժ Քասունին մեծ նշանակություն է տալիս նաև փառատոնի ReA Comics Art բաղադրիչին, որի շրջանակում ներկայացնում են Սփյուռքում և Հայաստանում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներ։ 16-րդ փառատոնին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է կոմիքսների ցուցադրություն։ Նախատեսվում է նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատման գրքի հաշվետվություն-ցուցադրությունը, ինչպես նաև այս տարի ներկայացված 14 նախագծի ցուցադրություն։ ReA փառատոնը կսկսի նաև ReA Comics-ի մատենաշարը և կներկայացնի արդեն հայերեն թարգմանված երկու գրքերը։
Նշենք, որ «Ռեանիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 16-րդ անգամ Հայաստան է բերել ավելի քան 250 ֆիլմեր, համախմբել է ոլորտի լավագույն մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից, ստեղծել հարթակներ հայ և օտարազգի անիմատորների հմտությունների զարգացման համար:
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթեի ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
Կարծիքներ