Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցի տղամարդիկ (տեսանյութ)

Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցի տղամարդիկ (տեսանյութ)

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Մարտի 26-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկում հայտնաբերեցին ու Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվեցին 24 և 29 տարեկան երկու գյումրեցի։ Նրանք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին շտապօգնության խումբը «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել 34-ամյա Վահագն Հարությունյանին։

Մարտի 2-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի քրեական հետախույզների և տարածքային քննչական մարմնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել էր, որ սպանության ենթադրյալ կատարողները գյումրեցի 24 և 29 տարեկան տղամարդիկ են, որոնց նկատմամբ մարտի 3-ին հայտարարվեց հետախուզում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում