Փարիզում գործող Հայաստանի տանը հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հանդիպել են երկրպագուների հետ
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Հայաստանի տուն» նախաձեռնության գործունեությունը՝ երկրպագու-մարզիկ կապերի ստեղծման և ամրապնդման համատեքստում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Fastex, «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը նշել է՝ հաճելի հիշողություններով է վերադառնալու Օլիմպիական խաղերից. «Հանդիսականների ներկայությունը շատ ոգևորիչ էր. երբ պատրաստվում էինք լողալու, լսում էինք նրանց վանկարկումները: Շատ տպավորիչ էր, անկեղծ՝ փշաքաղվել էի: Իմ մրցելույթից էլ եմ գոհ. արեցի այն, ինչ կարող էի»:
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանի համար ամենատպավորիչն օլիմպիական ջահի փոխանցումավազքն է եղել. «Ֆանտաստիկ փորձ էր: Այն, որ պետք է լինեմ ՕԽ ջահակիր, անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ արվեց, որպեսզի մրցումներից առաջ լավ էմոցիաներ ունենամ ու ինձ հարմարավետ զգամ, ինչի համար շնորհակալ եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը: Բառերով կդժվարանամ նկարագրել ջահը տանելու պահը. ամբողջ մարմինդ փշաքաղվում է, քանի որ բացի այն, որ քո պետությունն ես ներկայացնում, դու նաև մի փոքր մասն ես մի ամբողջ Օլիմպիական խաղերի: Շատ հետաքրքիր էր: Հրաձգության մրցումներն այլ քաղաքում էին կազմակերպված՝ բավական հեռու: Ինչ վերաբերում է իմ մրցումներին, ապա չեմ կարծում, թե որևէ բան ինձ խանգարել է: Աշխարհի մակարդակով ցածր արդյունք ցույց չեմ տվել: Հրաձգությունը շատ անկանխատեսելի մարզաձև է»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունն Օլիմպիական ջահի փոխանցումավազքին պատահական չէր. Հայաստանը 2027 թվականին ընդունելու Է Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը. «Օլիմպիական ջահակիր լինելու պատիվն Էլմիրային վստահված էր՝ որպես Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: Այս անգամ միջոցառումը շատ մեծ հանդիսավորությամբ անցկացվեց: Շատ հուզիչ էր. բոլորս հպարտության և վայելքի մեծ պահեր ապրեցինք: Էլմիրային էլ շատ մեծ ջերմությամբ ընդունեցին»:
Հասմիկ Տոլմաջյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներին մասնակցության համար և հետագա հաջողություններ մաղթել նրանց. «Հպարտ ենք ձեր մասնակցությամբ: Հուսով եմ՝ հետագայում մեծ հաջողություններ կգրանցեք, որոնք ձեզ մի օր նորից կբերեն Փարիզ, և այն ձեզ համար նաև հաղթանակի խորհրդանիշ կլինի»:
Կարծիքներ