Երբ կվճարվեն ԼՂ-ից բռնի տեղահանված և վարձակալված բնակարաններ տեղափոխված անձանց գումարները
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք հյուրանոցներից ու հյուրատներից արդեն տեղափոխվում են վարձակալված բնակարաններ:
ՀՀ կառավարությունն ավելի քան 58 հազար մարդու կեցավայր է տրամադրել:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
ՀՀ 10 մարզում այսօրվա դրությամբ 80 հազար 128 ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կա: Նրանք տեղաբաշխված են եղել հյուրանոցներում, հյուրատներում, որոշ հարմարեցված շենք-շինություններում և անհատական բնակելի տներում:
Այս պահի դրությամբ, սակայն, մարզերում տեղաբաշխվածներից 1629-ն են հարմարեցված շենք-շինություններում ապրում, մարզպետարանների կողմից աշխատանքներ են տարվում նրանց ավելի համար վայրեր տեղափոխելու ուղղությամբ:
«Երեկ և այսօր եթե համեմատենք, մոտ 300 մարդ հյուրանոցներից տեղափոխվել է առանձին բնակարաններ կամ առանձնատներ, հյուրանոցներում հիմա կա 7782 անձ»,- ասել է նախարարը:
Գնել Սանոսյանը հայտնել է, որ բռնի տեղահանվածներին տեղավորելու գործընթացին զուգընթաց շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ համատեղ իրականացվում է նաև կարիքների գույքագրում: Տեղահանվածների կարիքները հոգալու համար Կառավարությունը պարբերաբար գումար է տրամադրում մարզպետարաններին:
«Այսօր այդ գումարը 1 միլիարդ 360 միլիոն դրամ է, առաջիկայում՝ հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի, հաջորդ հատկացումը կլինի մարզերին»,-ասել է ՏԿԵ նախարարը:
Կարծիքներ