«Մալխաս ջան/զ» համերգային ծրագրով և «Կյանքը ջազում» ֆիլմի ցուցադրությամբ արվեստասերները տոնեցին Լևոն Մալխասյանի տարեդարձը
Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանն (Մալխաս) իր յուրահատուկ երաժշտությամբ, նվիրվածությամբ և հարազատ քաղաքի հանդեպ անթաքույց սիրո արդյունքում դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը: 2024-ին նա տոնում է 79-ամյակը: Սիրված ջազմենի տարեդարձը նրա արվեստի երկրպագուները նշեցին «Մալխաս ջան/զ» համերգային ծրագրով և «Կյանքը ջազում» ֆիլմի ցուցադրությամբ: Կարճամետրաժ ֆիլմում Մալխասն ինքն է պատմում իր մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի ունեցավ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ջազի երկրպագուներն ունկնդրեցին «Մալխաս ջազ տրիո»-ի և սիրված ջազմենների յուրահատուկ կատարումները:
Լեփ-լեցուն դահլիճը բուռն էր արձագանքում բոլոր կատարումներին՝ արտահայտելով իր սերը թե՛ Լևոն Մալխասյանի, թե՛ մյուս երաժիշտների հանդեպ: Իսկ Լևոն Մալխասյանն իր փայլուն կատարումներով ապացուցում էր, որ երաժշտությունն իր տարերքն է, հավերժական սերը:
Համերգը վարեց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը: Նա երեկոյի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր և հումորային դրվագներ պատմեց, որոնք առնչվում էին և՛ իրեն, և՛ Լևոն Մալխասյանին:
Վարդազարյանը զարմանալի երևույթ համարեց այն, որ Մալխասյանը նոտաներ չգիտի, սակայն փայլուն է նվագում:
«Ջազային երաժշտության համերգներից մեկին Լևոնին խնդրեցինք նվագել: Նա նվագում էր մի ստեղծագործություն, որում տարբեր երաժշտական գործիքների համար սոլո կատարումներ կան: Ես դաշնամուրի մոտ կանգնած էի ու մի քանի անգամ նոտաները թերթեցի: Մեկը մոտեցավ ու ասում է. «Բա ասում եք, որ Մալխասը նոտաները չգիտի»: Ես էլ թե. «Ինչպե՞ս չգիտի: Չե՞ք տեսնում, ես թերթում եմ նոտաները»,-պատմեց Վարդազարյանը:
Նա հիշեց՝ մի երեկոյի ժամանակ էլ Գագիկ Եփրեմյանը երգել է «Բարի արագիլ», իսկ հյուրերից մեկը պատվեր կատարելու նպատակով շարունակել է երգն իր բառերով՝ ասելով. «Տար դու Մալխասին»:
Երեկոյին ելույթներ ունեցան Երվանդ Երզնկյանը, Կարեն Գրիգորյանը, Գարիկ Սարիբեկյանը, Խաչիկ Սահակյանը և այլք: Լևոնի Մալխասյանի համոզմամբ՝ մեծատաղանդ երաժիշտներ են բոլորը, վառ անհատներ:
Լևոն Մալխասյանն առաջին ջազ երաժիշտն է Հայաստանում, որը դեռ ուսանողական տարիներին ստեղծել է փոքր ջազային խումբ, ինչից հետո նման խմբերը շատացել են: Նա մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացման գործում. բազմաթիվ միջազգային փառատոններ է կազմակերպել Հայաստանում, մեր երկիր է հրավիրել ականավոր ջազմենների, ստեղծել «Մալխաս ակումբ»-ը, որտեղ նվագում են բազմավաստակ ու երիտասարդ ջազմեններ:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա խոստովանել էր՝ ունեցել է երեք երազանք:
«Երազում էի այցելել ԱՄՆ ու տեսնել այն ջազմեններին, որոնց միշտ լսել եմ ձայնասկավառակներով: Այդ երազանքն իրականացավ մի քանի անգամ: Հանդիպեցի նրանց, նվագեցինք միասին: Երկրորդ երազանքս էր կազմակերպել միջազգային ջազ փառատոններ, ինչն ինձ հաջողվեց անել յոթ կամ ութ անգամ: Հրավիրում էի ջազային մեծ աստղերի՝ Չիկ Կորեա, Հերբի Հենքոք և այլք: Երրորդ երազանքն էր ունենալ ջազ ակումբ, որտեղ երիտասարդները, միջին տարիքի և իմ տարիքի ջազմենները կարող են նվագել․ ջազ ակումբը գոյություն ունի արդեն 19 տարի»:
Անդրադառնալով ֆիլմին՝ մաեստրոն նշել էր, որ այն դինամիկ է, հետաքրքիր:
«Ես ֆիլմում պատմում եմ այն մասին, թե որքան եմ սիրում Երևանը: Իմ բացակայությունը քաղաքից տևում է 13 օր: Ուր էլ լինեմ, 13 օր անց պետք է վերադառնամ Երևան: Կարոտում եմ Երևանի գաղտնիքը, մագնիսականությունը, ընկերներիս: 1990-ականներին Նյու Յորքում էի: Գնացի ջազ ակումբներ, մասնակցեցի համերգների և այլն: 12-րդ օրն էր, ինձ առաջարկեցին մնալ ԱՄՆ-ում և երեք ամիս նվագել Հուդզոնով նավարկող նավի վրա: Ես հրաժարվեցի»,-պատմել էր Մալխասյանը:
Լևոն Մալխասյանին նվիրված երեկոն կազմակերպել էր «Նյու ջեներեյշն» ընկերությունը, որի հիմնադիրը երաժիշտ Շմավոն Գրիգորյանն է: Երրորդ անգամ են Լևոն Մալխասյանի մասնակցությամբ ջազային համերգային երեկո կազմակերպում:
Կարծիքներ