Օհան Դուրյանին նվիրված փառատոնի շրջանակում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, անվանի ջութակահար Ագուստին Հադելիխը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված Երևանյան միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, աշխարհի ամենանշանավոր ջութակահարներից Ագուստին Հադելիխը:
Հադելիխի կատարմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչել է Պ. Ի. Չայկովսկու Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ կոմպոզիտորի Սիմֆոնիա թիվ 4-ը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգի մենակատարը՝ Ագուստին Հադելիխը, ճանաչվել է իր սերնդի ամենաականավոր ջութակահարներից մեկը: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի բոլոր առաջատար նվագախմբերի հետ, նրա ելույթներն Անգլիայում, Եվրոպայում և Ասիայում բերեցին ֆենոմենալ հեղինակություն ու ճանաչում: Քննադատները Հադելիխին բարձր են գնահատում իր փայլուն տեխնիկայի, հստակ և համոզիչ մեկնաբանության և ձայնի հիասքանչ հնչողության համար:
Ագուստին Հադելիխը նվագում է Ջուզեպպե Գվարների դել Ջեզու ջութակով՝ կերտված 1744 թվականին, որը հայտնի է «Leduc, ex Szeryng» անվամբ:
Համերգից հետո մեծանուն ջութակահարը նշել է, որ տպավորված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ իր առաջին համերգով և շնորհակալ է ջերմ ընդունելության համար:
Կարծիքներ