Թուրք ցանցահենը կոտրել է Թրամփի կայքն ու Էրդողանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել այնտեղ
Ցանցահենը, որը, ենթադրաբար Թուրքիայից է, կոտրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կայքի բաժիններից մեկն ու այնտեղ տեսանյութ հրապարակել թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է VICE News-ը, հաքերային հարձակման է ենթարկվել կայքի ենթադոմենը, որն օգտագործվում են Թրամփին աջակցող քարոզարշավ իրականացնող աշխատակիցները, որոնք տարբեր գործողությունների կոչեր են անում՝ խնդրագրեր ստորագրել և այլն:
«Մի նմանվեք նրանց, որոնք մոռացել են Ալլահին, և որոնց Ալլահը ստիպել է մոռացության մատնվել: Նրանք իսկապես մոլորվել են»,- ասվում է անգլալեզու և թուրքալեզու հաղորդագրության մեջ, որը թուրք ցանցահենների ձեռքով հայտնվել էր կայքում:
Կայքում նշվում էր նաև, որ այն կոտրել է RootAyyildiz ցանցահենը: Ցանցահենի խոսքով՝ ինքը կայքը կոտրել է SSTI մեթոդով, որի օգնությամբ կարելի է սեփական ծածկագիրը մուտքագրել կայքում: Ինչպես նշում է տվյալ ցանցահենը, կայքի այդ բաժինն իր վերահսկողության տակ է գտնվում արդեն երեք ամիս:
Կարծիքներ