Արմավիրում ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է. ՔԿ

Արմավիրում ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Քրեական գործով նշված 27 անձինք ճանաչվել են տուժող:

Հիշեցնենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում