Սևանի խնդիրները միայն ջրի մակարդակի կամ ձկնատեսակների պահպանումը չեն. ՇՄ նախարարի տեղակալը՝ Նորատուսում կեղտաջրերի մաքրման կայանի բացմանը

Սևանի խնդիրները միայն ջրի մակարդակի կամ ձկնատեսակների պահպանումը չեն. ՇՄ նախարարի տեղակալը՝ Նորատուսում կեղտաջրերի մաքրման կայանի բացմանը

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվել է Նորատուս համայնքում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

EU4Sevan ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվել է կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրումը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։

 

Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր միջավայրի կարևորությունը երեխաների ապագայի համար։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև փոքրիկների կողմից պատրաստված նկարները՝ Սևանա լճի թեմայով։

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը։

 

«Սևանի խնդիրները միայն ջրի մակարդակի կամ ձկնատեսակների պահպանումը չեն։ Սկսած կենցաղային ջրերից մինչև գյուղատնտեսական խնդիրներ՝ մեզ անհրաժեշտ են նման համակարգային լուծումներ։ Այս կայանը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող է լինել նաև համայնքահենք ու կրթական՝ իր մեջ ներառելով ապագա սերունդների կրթումը»,- բացման իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

 

Բացի կայանի կառուցումից, ծրագրի շրջանակում մանկապարտեզների ուսուցիչները ստացել են հատուկ կրթական նյութեր՝ երեխաներին ջրի խնայողության, Սևանի պահպանության և բնապահպանական գիտակցության վերաբերյալ դասավանդելու համար։

 

Այս նախաձեռնությունը, համադրելով ենթակառուցվածքները, կրթությունը և հանրային իրազեկումը, ծառայում է որպես օրինակ՝ ինչպես կարելի է ապահովել երկարաժամկետ բնապահպանական ազդեցություն։

 

EU4Sevan ծրագիրը նպատակ ունի բարելավել Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությունն ու խթանել ջրի որակի բարձրացումը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է GIZ-ի և ՄԱԶԾ-ի միջոցով՝ սերտ համագործակցելով ՀՀ պետական և համայնքային մարմինների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում