Եվրախորհրդարանը պահանջել է կանգնեցնել Բելառուսական ԱԷԿ-ի գործարկումը
Եվրախորհրդարանը ընդունել է բանաձեւ, որով պահանջել է կանգնեցնել Բելառուսական ԱԷԿ-ի գործարկումը Օստրովեցում՝ դրա անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Փաստաթղթի հարցով քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 642 պատգամավոր, դեմ՝ 29, ձեռնպահ՝ 21:
«Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են դադարեցնել Բելառուսի ատոմային էլեկտրակայանի գործարկումը Օստրովեցում՝ դրա անվտանգության վերաբերյալ լուրջ մտավախությունների պատճառով»,- հաղորդել են Եվրախորհրդարանում:
Եվրախորհրդարանի բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում:
Հինգշաբթի օրը, ավելի վաղ, էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Կադրի Սիմսոնը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ասել է, որ ԵՄ փորձագետներն ավարտել են այցը Բելառուսի Գրոդնո մարզի Օստրովեց քաղաքի մոտակայքում գտնվող ատոմակայան՝ սթրես-թեստեր անցկացնելու համար եւ պատրաստվում են զեկուցել դրանց արդյունքների մասին մինչեւ մարտի սկիզբը:
Եվրոպական կարգավորիչների խումբը 2018-ին Մինսկի հետ համագործակցությամբ սկսել է սթրես-թեստեր անցկացնել ԲելԱԷԿ-ում: Այս գործընթացը պետք է հաստատի կայանի անվտանգության ամենաբարձր մակարդակը, ինչը թույլ կտա Բելառուսին ազատորեն էլեկտրաէներգիա արտահանել ԵՄ երկրներ, ինչը Լիտվան եւ Լեհաստանը փորձում են կանխել: Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵՄ գագաթաժողովը նրանց նախաձեռնությամբ որոշում է կայացրել, որ Եվրամիությունը կարգելափակի ԵՄ երկրներ էլեկտրաէներգիայի ներկրումը միությունից դուրս գտնվող ատոմակայաններից, որոնց անվտանգությունը չի համապատասխանում ԵՄ պահանջներին:
Ատոմակայանի շինարարությունը Բելառուսում իրականացվում է նոր սերնդի «երեք պլյուս» ԱԷԿ-2006 նորմատիվային նախագծի համաձայն: ԲելԱԷԿ-ը բաղկացած է լինելու երկու էներգաբլոկներից, յուրաքանչյուրը՝ 1200 ՄՎտ հզորությամբ: Գլխավոր կապալառուն «Ատոմստրոյէքսպորտն» է («Ռոսատոմ»-ի մի մասը): 2020 թվականի նոյեմբերի 3-ին առաջին էներգաբլոկը ներառվել է երկրի միասնական էներգահամակարգում, իսկ նոյեմբերի 7-ին այն հասցվեց է 400 ՄՎտ հզորության:
Դեկտեմբերի 21-ին Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է էլեկտրաէներգիայի գործարկման փուլի ավարտի մասին:
Կարծիքներ