Տարեցների համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում ընկերության տնօրենն առանձնապես խոշոր չափերով գումար է հափշտակել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի որոշմամբ, նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման, այդ թվում նաև՝ տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար:
Ընկերության տնօրենը, մասնակցելով նախարարության հայտարարած գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:
Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի, ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է, չեն համապատասխանել նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանագիրը:
Բացի այդ, նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում՝ ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ