«ՊՍԺ»-ն հաղթեց ավելի «ֆրանսիական» «ՌԲ Լայպցիգին» և մտավ չեմպիոնների լիգայի եզրափակիչ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ Փարիզի «ՊՍԺ» թիմը:
Ֆրանսիայի չեմպիոնը անցած գիշեր կայացած կիսաեզրափակիչ խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ: Հանդիպման 13-րդ րոպեին Մարկինյոսի խփած գոլը ֆրանսիական ակումբին հնարավորություն տվեց կրկնելու Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որը 2011-14թթ չեմպիոնների լիգայի խաղերում գոլ էր խփել 34 անընդմեջ հանդիպումներում:
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը չնայած գոլ չխփեց այս խաղում, սակայն կատարեց արդյունավետ փոխանցում: Այդպիսով, բրազիլացի ֆուտբոլիստը չեմպիոնների լիգայում անցկացրած 59 խաղերում 59 անգամ աչքի է ընկել արդյունավետ գործողություններով՝ խփելով 35 գոլ և կատարելով 24 գոլային փոխանցում:
Ի դեպ, «ՌԲ Լայպցիգի» կազմում այդ խաղում հանդես են եկել ֆրանսիացի 3 ֆուտբոլիստ, իսկ ահա «ՊՍԺ»-ում միայն երկու հոգի են եղել Ֆրանսիայի քաղաքացի:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա այսօր, կիսաեզրափակիչ «Բավարիա» - «Լիոն» խաղում: Եթե ֆրանսիական ակումբին հաջողվի հաղթանակ տանել, ապա եզրափակիչում 8-րդ անգամ գավաթը կվիճարկեն նույն երկրի ներկայացուցիչները:
Կարծիքներ