Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի հետ:
Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Կողմերն ընդգծել են երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցությունը՝ կարևորելով խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակալի դերը:
ՀՀ ԱԺ նախագահն արժևորել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի` մոտ ժամանակներում նախատեսված այցը՝ նշելով, որ մեր երկրի համար այս ծանր և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հարկավոր են նման այցերը:
Քննարկվել են միջազգային խորհրդարանական համագործակցության հեռանկարները: «Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների հարցին: Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ ունենք: Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Էստոնացի գործընկերն այս հարցում կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է իրենց համար։
Կարծիքներ