Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Հաագայում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Հաագայում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով հունվարի 20-24-ը գտնվել են Հաագայում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում:

Այցի նպատակն էր ապահովել լավագույն փորձի փոխանակումը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, իրավախախտումների քննության, զինծառայողների իրավունքների պաշտպանության ներքին և արտաքին մեխանիզմների, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության, ոտնձգությունների դեմ պայքարի և զինվորական ծառայության մեջ նրանց ավելի լայն ներգրավվածության խթանման հարցերում:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել Նիդերլանդների պաշտպանության նախարարության, Ազգային օմբուդսմանի հաստատության, Կառավարության գործակալի գրասենյակի, Ռազմական դատարանի, Զինվորական դատախազության, Ռազմական ոստիկանության, Ռազմական օմբուդսմանի (Գլխավոր տեսուչի) հաստատության և Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել է միջազգային լավագույն փորձը զինծառայողների և վետերանների իրավունքների պաշտպանության ու խթանման, արտոնությունների տրամադրման, հոգեբանական աջակցության, բարեվարքության ամրապնդման, առողջության պահպանման, զինծառայողների մեջ առաջնորդի հատկանիշներ ձևավորելու և զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Այցը կարևոր նշանակություն ուներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում