Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել իր պարտությունը. CNN

Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել իր պարտությունը. CNN

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել նախագահական ընտրություններում իր պարտությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ընդ որում, հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում, և սպասում են, թե երբ նրա հետ ադ թեմայով կզրուցի մեկ ուրիշը, օրինակ՝ նրա ավագ դուստր Իվանկա Թրամփը կամ փեսան՝ Ջարեդ Քուշները։

Հեռուստաալիքը նաև նշում է, որ պարտության ճանաչումն ինքնին իրավական ուժ չունի, բայց նշանակում է, որ թեկնածուն չի վիճարկի ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում