Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է, դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք. Խաչատրյան
«Կոնկրետ ես չեմ վախենում: Չեմ պատկերացնում, որ իրավական, ժողովրդավարական և բոլոր կառույցները համալրված և ամեն ինչով ապահովված լինելու դեպքում ինչ-որ գրոհի փորձ լինի, կամ եթե լինի հաջողության հասնի»:
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք վերջինս վախենում է, որ Ազգային ժողովի դեմ գրոհ կիրականացվի:
«Ազգային ժողովը գրոհելը դա հանցագործություն է, ամեն օր տարբեր բնույթի հանցագործություններ են լինում, իսկ դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք: Նույն հարցն է, որ ասեք՝ դուք վստա՞հ եք, որ գողություն, կամ ավազակային հարձակում, կամ ինչպես Գառնիկ Դանիելյանն է ասում՝ մանկապղծություն չի լինի: Յուրաքանչյուր հանցագործության ռիսկեր միշտ էլ կան, ես որևէ մտահոգություն չունեմ, որ դա և՛ կկանխվի, և՛ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն օրենքի նորմերը խախտելու համար»,- ասաց Խաչատրյնաը:
Դիտարկմանը, թե դրսում կրիտիկական զանգված հավաքվելու դեպքում ի՞նչ է անելու իշխանությունը, Խաչատրյանն արձագանքեց. «Կարծում եմ միտինգներ արել են, և առավելագույն որքան կարողացել են մարդկանց ներգրավվել են դրանցում: Ամեն ինչ նորմալ է, եթե դրանք խաղաղ են, եթե օրենքի պահանջներ չեն խախտվում՝ ինչքան քանակությամբ մարդիկ էլ հավաքվեն դա նորմալ է ժողովրդավարական երկրում»:
Կարծիքներ