ՔԿ-ն Վահե Հակոբյանին վկայի կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության
Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին վկայի դատավարական կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության` յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով»,- ասաց Եգանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Վահե Հակոբյանը, վկայի դատավարական կարգավիճակով, 2020թ. դեկտեմբերի 14-ի ծանուցագրով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն նրա փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է և խնդրել այցը հետաձգել՝ Հակոբյանի անձնական խնդիրներով պայմանավորված, ինչին ի պատասխան՝ քննիչն ընդառաջել է և նրան հարցաքննության հրավիրել 2021թ. հունվարի 29-ին:
Կարծիքներ