Քննարկվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները:
Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումն ամբողջությամբ փոխանցել է ՀՀ կառավարությանը, ու այժմ այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Նրա խոսքով՝ ծրագրի ազգայնացումն իրականացվել է փուլային եղանակով՝ դպրոցական ճաշարանների վերանորոգումից, կահավորումից և տաք սննդին անցումից հետո:
Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ դպրոցներում ակտիվորեն դասընթացներ են անցկացվում սննդային կրթության վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև կարևորել է «Դպրոցական սնունդ» կոալիցիային ՀՀ անդամակցությունն ու ընդգծել՝ Հայաստանում ծրագրի իրականացման հաջող փորձը հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ այլ երկրների շրջանում:
ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի փորձը՝ նշելով, որ հետաքրքրված են ծրագրի ուսումնասիրման և տեղայնացման հնարավորությամբ։
Քննարկվել են նաև այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:
Կարծիքներ