«Հայաստան» խմբակցությունը Արմեն Չարչյանի կալանավորման առնչությամբ պահանջում է ԱԺ հրավիրել գլխավոր դատախազին
«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Օգոստոսի 24-ին քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Վերաքննիչ քրեական դատարանի այս ապօրինի որոշումը հակասում է սահմանադրությանը և քրեական գործերի դատաքննությամբ ձևավորված պրակտիկային, իսկ դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասաց Օհանյանը:
Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ապօրինի անազատության մեջ գտնվող իր բոլոր գործընկերներին և Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում են ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը և առաջարկում բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:
«Պահանջում ենք՝ Ազգային ժողով գա գլխավոր դատախազը և բացատրություն տա»,- եզրափակեց Օհանյանը:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Կարծիքներ