«Կոչ ենք անում կողմերին ծայրահեղ զսպվածություն դրսևորել, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ հակամարտության մասին
Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և գործնականում իրավիճակը տարածաշրջանում բերել ապաէսկալացման: Այս մասին նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կոչ ենք անում կողմերին ծայրահեղ զսպվածություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչության ուղղությամբ հասցվող հարվածներից, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը: Անհրաժեշտ է գործնականում իրավիճակը բերել հրադադարի ռեժիմի, լարվածության ապաէսկալացման և բանակցությունների վերականգնման՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է Զախարովան:
Վերջինս հիշեցրել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Զախարովայի ելույթը կարող եք լսել 4:38 րոպեից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Կարծիքներ