Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։

«Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բանակին մոլորեցնելու ահաբեկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- վստահեցրել է նախագահ Էրդողանը։

Նա հավելել է, որ Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։

«Աստանայի գործընթացի մասնակիցներն ասում են, որ Ամերիկան պետք է հեռանա Եփրատի արևելքից։ Արդյունքները արտացոլում են Թուրքիայի ակնկալիքները»,- ասել է նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հանդես են գալիս Սիրիայում բոլոր հակասությունների կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա։

Էրդողանը  ասել է, որ հերթական անգամ գործընկերների հետ կիսել է Անկարայի դիրքորոշումը՝ Սիրիայի հարցով քաղաքական գործընթացն արդյունավետ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Մենք նաև վերահաստատել ենք Անկարայի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում, մարդասիրական պաշարների անխափան մատակարարման, անվտանգության և Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում։ Այս հարցերի շուրջ ընդգծվել է Աստանայի գործընթացում գործընկերների հետ պայմանավորվածությունը»,- ասել է նախագահը։

«Աստանայի գործընթացի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը նույնն է, ինչ Աստանայի գործընթացի սկզբում։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա նախագահի փոփոխության ֆոնին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, սակայն Իրանի նման երկիրը այդքան կարճ ժամանակում չի փոխում իր վերաբերմունքը հարցերի նկատմամբ»,-հավելել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Անկարային նախազգուշացրել Է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց:

«Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել Էր Խամենեին:

«Սիրիական հարցերը պետք Է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք Է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել Էր նա:

Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել Է, որ փորձում են «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»:

 Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Էր, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն Էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում