Կառավարությունը 300 միլիոն դրամ է հատկացնում հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ընդհանուր 300 միլիոն դրամ հատկացնել Տավուշի և Լոռու մարզերին հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության համապատասխան որոշումը՝ կից հավելվածներով, հրապարակվել է e-gov.am կայքում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 300 միլիոն դրամն օգտագործվելու է առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար։ «Այս գումարը նախատեսված է մի շարք հրատապ աշխատանքներ իրականացնելու համար։ Գումարները պարբերաբար կավելացվեն, իսկ ընդհանուր ծախսերի մասին դեռ վաղ է խոսել։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է»,- մանրամասնել է Գնել Սանոսյանը։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Կարծիքներ