Ժնևում կներկայացնեմ ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը. Արտակ Բեգլարյան

Ժնևում կներկայացնեմ ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը։

Նա մասնավորապես գրել է. «Այստեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները:

Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ ես կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը: Այդ միջոցառման մասին կներկայացնեմ ավելի ուշ՝ կայանալուց հետո:

Այստեղ եմ գտնվում սփյուռքահայ իրավաբան Գևորգ Հակոբջանյանի հետ՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ ունեմ Ժնևում՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում