ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է ավելի խիստ վերահսկել ամերիկյան ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (National Defense Authorization Act) փոփոխությանը, որը կոչ է անում ավելի խիստ վերահսկում սահմանել պաշտպանական ծրագրի նկատմամբ, որի միջոցով Ադրբեջանը որպես ռազմական օգնություն Միացյալ Նահանգներից ավելի քան 120 մլն դոլար է ստացել:
Ինչպես նշում է asbarez.com-ը, փոփոխության հարցը քվեարկության է դրվել ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունի նախաձեռնությամբ: Ավելի ուշ այն քննարկման կդրվի Սենատում:
Ուղղումը Պենտագոնից պահանջում է Կոնգրեսին ներկայացնել ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի մասին զեկույց, որի շրջանակում վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան 120 մլն դոլարի պաշտպանական օգնություն է ուղարկվել Ադրբեջանին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քվեարկությունից հետո շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունին, Բրեդ Շերմանին, Ջեքի Սփիրին և Ադամ Շիֆին Ադրբեջանին զինելու հարցում ամերիկյան վարչակազմից թափանցիկություն և պատասխանատվություն պահանջելու համար:
Ընդհանուր առմամբ, Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում Ադրբեջանին վերաբերող չորս ուղղում է առաջարկվել: Դրանցից մեկը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական փոխանցումների նկատմամբ խստացումների և սահմանափակումների կիրառմանը, մինչդեռ մյուսն առաջարկում է վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության հավասարությանը: Սակայն վերը նշված երկու ուղղումները չեն քննարկվել:
Երրորդ ուղղումը, որն ընդունվել է, վերաբերում է փախստականներին:
Կարծիքներ