Որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, թիվը ոչ ավելանում է, ոչ պակասում, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը. Փաշինյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Խոսելով ամենատարբեր թեմաների մասին, վարչապետն անդրադարձել է նաև սփյուռքում բնակվող հայերի թվին:
«Միշտ չէ, որ թվաբանությանը մեծ նշանակություն ենք տալիս, էս վերջերս իմ մոտ հարց ծագեց, որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը, համոզված եմ, որ չկա:
Էստեղ էլ էլի էդ սրբացման ֆենոմոնն է, էդ թիվը սուրբ է, հանկարծ չկպնեք: Ոչ ավելանում է, ոչ պակասում է, չես կարա փոխես:
Մեկն ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար է, բոլորը կհարձակվեն, կասեն այ տգետ, այ դիլետանտ, դու որտեղից գիտես, ով ա հաշվել, և այլն: Մեկն ասի չէ, 9 մլն 200 հազար է, կասեն այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր»,- ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի, սա մեր իրականություն է, որի մասին պետք է խոսել:
10 մլն-ի մեջ «իԳործ» ծրագրին մի քանի հարյուր մարդ է մասնակցում: Անդրադառնալով հարցին, վարչապետը նշել է.
«Դա շատ կարևոր գործոն է: Նախ քաղաքական գործոն է, 2-րդ օրգանական կապ է, դրանք գենետիկ մակարդակով են ձևավորվում և շատ անտեսանելի են: Այն, ինչ որ հիմա ձեզ ասացի, հնարավոր էր ասել միայն ձեզ հետ հանդիպման ժամանակ»,- ասել է վարչապետը:
Կարծիքներ