Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին
Հ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում:
Գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով: ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությունն իրականացվում է ինչպես առկա և հեռակա, այնպես էլ հեռավար ուսուցման ձևերով: Ներկա պահին հեռավար ուսուցմամբ կրթություն իրականացնում են միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը: ՀՀ կառավարության որոշման արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք:
Գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցութային կարգով՝ բարձր գնահատականների հիման վրա, սովորելու ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերոնշյալ քաղաքացիներին մրցութային կարգով՝ հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով:
Որոշման արդյունքում շտկումներ են մտցվել կարգում առկա մի շարք այլ խնդիրներում:
Կարծիքներ