«Հայ մշակույթի պատմություն» առարկա դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով:
ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել. «Տարեցտարի փորձում ենք ընդլայնել սփյուռքահայ ուսուցիչների կարողությունների զարգացման հնարավորությունները: Անցյալ տարվանից վերապատրաստման 2 նոր ծրագիր է ավելացվել՝ ըստ ներկայացված պահանջարկի, ինչին մշտապես փորձում ենք արձագանքել»:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել «Էդիտ Պրինտ» հրատարակչությանը՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելով սփյուռքում հայ կրթությունն ու մշակույթը պահպանելու նախաձեռնության համար:
«Պետության դերն է նաև գործընկերների ներգրավմամբ համադրել ռեսուրսները և դրանք ծառայեցնել ի շահ հայ հանրության: Ողջունելի է, որ այս ծրագիրը համընկնում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին և միջոցառումների պլանին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և ծրագրի համատեքստում ընդգծել հեռավար ուսուցման բաղադրիչն ուժեղացնելու անհրաժեշտությունն ու հեռանկարները:
Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ ծրագիրը հետագայում կընդլայնվի:
Հուշագիրը 2021 թ. մարտի 21-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի և հրատարակչության միջև ստորագրված համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է: Այն նախատեսում է սփյուռքահայ ուսուցիչների «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացումը:
Վերապատրաստումն ընթանալու է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով, մասնակից ուսուցիչներին կտրամադրվեն վկայականներ:
Վերապատրաստումն անցկացվելու է հեռավար ձևաչափով՝ https://krtahartak.am/ կայքի միջոցով:
2021 թ. նախարարության հետ համատեղ «Էդիտ Պրինտ»-ը վերապատրաստման ծրագիր է իրականացրել հայրենագիտական առարկաներ դասավանդող շուրջ 30 սփյուռքահայ ուսուցչի համար:
Կարծիքներ