Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, հապաղում, խախտում և թերացում. Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, հապաղում, խախտում և թերացում. Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Գյումրու խնդիրներն ու զարգացմանը միտված ծրագրերը բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն, մեր բոլորի համագործակցությունն ու փոխլրացնող աշխատանքը պետք է միտված լինի հոգսերի օր առաջ լուծմանը, այս առումով ցանկացած թերացումն անընդունելի է ինձ համար:

Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հայտնել են մարզպետարանից, խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուները։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում Անի և Ավստրիական թաղամասերում նախատեսված աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր։

Կարևորելով ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին մեկնարկելն ու բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ պատրաստ է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի բոլոր պատասխանատու կառույցները հավուր պատշաճի համագործակցեն և անեն հնարավորը թերացումները բացառելու նպատակով։

«Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, ոչ մի անհարկի հապաղում, ոչ մի խախտում և թերացում։ Ես հավատում եմ, որ մեր գործակցությունն արդյունք կտա, պետությունն արել է հնարավորը, որպեսզի այսքան լուրջ միջոցներ ուղղվեն Գյումրի և քաղաքի ամենամեծ թաղամասն ունենա բոլոր ենթակառուցվածքները, սակայն մինչ այդ կետին հասնելը բոլորիս քայլերը պետք է միասնական լինեն, որևէ գործի մատների արանքով չպետք է նայենք»,- նշել է Շիրակի մարզպետը։

Նշենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում նախատեսվում է Անի և Ավստրիական թաղամասերի շուրջ 17 կմ երկարությամբ և շուրջ 190 հազար քառ. մ մակերեսով 37 փողոցների, ներառյալ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացում և միևնույն թաղամասերի, ինչպես նաև Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության արդիականացում՝ 1284 լուսադիոդային լուսատուներով։ Ծրագրի Գ և Դ Տրանշներով իրականացվող աշխատանքների գումարը կազմելու է շուրջ 12.4 մլն եվրո։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Գյումրու մանկապարտեզների գործունեությանն ու դրանցում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև գույքի ձեռքբերմանն ու գործարկմանը։ Մասնավորապես, Կառավարության կողմից մարզի 20 մանկապարտեզների գույքով ապահովելու ծրագրում Գյումրի համայնքից ընդգրկվել է 2 մանկապարտեզ՝ «Զանգակ» և «Սուրբ Մարիամ», մանկապարտեզների գույքի մատակարարումն ընթացքի մեջ է։

Մարզպետի հանձնարարությամբ գործընթացը լինելու է պատասխանատուների անմիջական հսկողության տակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում