Մեր բոլորի և յուրաքանչյուրիս մեծագույն նպատակը պետք է դառնա Հայրենիքի անվտանգ ապագան կերտելը. Փամբուխչյան
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Անկախության 31 տարիների ընթացքում մեր ժողովուրդն ապացուցեց, որ ազատ և ինքնիշխան պետություն կառուցելու համար պատրաստ է ամենաթանկը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
Այս տարիների ընթացքում մեր եղբայրների և քույրերի զրկանքների և կյանքերի գնով կարողացել ենք ամուր կանգնել մեր հողի վրա և ցույց տալ աշխարհին, որ բարգավաճող, ամուր և խաղաղ պետություն ունենալը մեր կարևոր նպատակն է։
Հայաստանի Հանրապետությունն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի մեր բոլորի և յուրաքանչյուրիս մեծագույն նպատակը պետք է դառնա հայրենիքի անվտանգ ապագան կերտելը՝ ինքներս մեզ վերադաստիարակելով, մեր արժեքներն ու նպատակները վերանայելով։
Մեր անմահացած եղբայրների և քույրերի արյանն արժանի լինելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը մեր, մեր երեխաների և եկող սերունդների համար պահպանելու։
Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին Անկախության տոնը նշանավորվի բազում ձեռքբերումներով, մեծ նվաճումներով և ամուր, անխախտ սահմաններով»,- նշված է ուղերձում։
Կարծիքներ