Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու. Փաշինյան

Բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բանակից գողացած ոչ ոք՝ լինի գեներալ, սերժանտ, թե այլ մեկը, չի ներվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին ու ելքին:

«Քրեական գործեր են հարուցվում, քննվում են: Եվ իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ, այո, կարող էր այլ ելք լինել: Եվ ես չափազանց կարևոր եմ համարում, որ գտնենք այն պատասխանը, թե ինչու այդպես չեղավ, ինչու այլ ելք չեղավ: Նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում ինչո՞ւ այդպես դասավորվեց ամեն ինչ: Արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով, ոչ միայն շահագրգռված էին, այլ նաև ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն, և իշխանափոխություն տեղի ունենա: Ես պնդում չեմ անում: Բայց ուզում եմ ասել, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, և այս հարցն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում է»,-ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները բավարար չափով օբյեկտիվ կգտնվեն՝ այդ հարցերի պատասխանը գտնելու համար: Վարչապետը նշեց նաև, որ ոմանք 2020-2021 թթ փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և վարչապետն անձամբ ուզում են պատերազմի հանգամանքները կոծկել: «Ոչ, հակառակը, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի: Հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են լինում, այդ նույն մարդիկ ասում են, թե իշխանությունն ուզում է գցել բանակի վրա: Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա. ուզում ենք հասկանալ, թե որտեղ ինչ է տեղի ունեցել, որովհետև հանգամանքներ են ի հայտ գալիս, որ ես չեմ հասկանում: Հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ իշխանությանը մեղադրում էին Շուշին «տալու», «ծախելու» մեջ: «Շատ լավ, քրեական գործ է հարուցված: Մարդ է ձերբակալված այդ առումով, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ է Շուշին տվել»,-նշեց վարչապետը՝ խոստանալով, որ այդ թեման չի վերջանալու, այն մինչև վերջին թելը պետք է բացվի:

Նա վստահեցրեց, որ չկա ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է՝ պատերազմի մասին ճշմարտության բացահայտման համար:

Վարչապետը նաև նշեց, որ 2018 թվականից հետո իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսել բանակի վրա: «Բայց հիմա պարզվում է, որ նույնիսկ մեր պայմաններում այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, ուր պետք է հասնեն: Իսկ ինչո՞ւ պետք է ներենք մենք սա որևէ մեկին՝ ինչ մեդալ էլ լինի կրծքին. չկա ներում այդ մարդկանց: Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ որտեղից եկող ում հրամաններով են առաջնորդվել: Դավաճանությունից են խոսում. սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞: Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, ոչ մեկը՝ լինի գեներալ, սերժանտ, վարչապետ, նախագահ, նախարար, չի ներվելու»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ 2018-ին, հաշի առնելով բանակի ինստիտուցիոնալ կարևորությունը, նվազագույն կադրային միջամտություն է կատարել բանակում: «Իմ առաջին կանխավարկածն այն է, որ ես մարդուն վստահում եմ այնքան ժամանակ, մինչև չվստահելու կոնկրետ պատճառ չունեմ: Սակայն, ասել եմ՝ մի պայմանով, ով, պարզվեց, որ բանակից 1 կոպեկ գողացել է, իմ թշնամին է, մինչև կյանքիս վերջ հետապնդելու եմ՝ հնարավոր բոլոր օրինական միջոցներով»,-ասաց նա՝ հավելելով, որ հետապնդողն իրավապահ մարմիններն են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում