Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ:

Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում