Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն օրը բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների հետեւանքով քաղաքացին աչքն է կորցրել, գրում է «Փաստերի ստոիգման հարթակը»։
«Անկեղծ ասած էդ տեղեկատվությունը հստակ չի, բայց նոր ճանապարհին ասացին՝ քաղաքացիներից մեկի աչքն են ոստիկանները հանել, տարել են, «Մալայան» հիվանդանոցում ա հիմա։ Համենայն դեպս արյունոտված աչքը՝ տարել են «Մալայան» հիվանդանոց»,- լրագրողներին ասել է Վանեցյանը։
Տեղեկությունը հաստատական վերնագրերով («Ոստիկաններն ակտիվիստի աչքը հանել են, տարել են Մալայան») տարածեցին մի քանի լրատվամիջոցներ, մասնավորապես՝ News.am-ը 24News-ը, Times.am-ը և այլք։ Ընդ որում, լրատվամիջոցները չեն ստուգել լուրի իսկությունը։
«Մալայան» բժշկական կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 18-ին աչքը կորցրած կամ տեսողության կորստի վտանգ ենթադրող վնասվածքով որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի դիմել կամ շտապ օգնությամբ կենտրոն չի բերվել։
Այսպիսով, Արթուր Վանեցյանի հայտնած և լրատվամիջոցների՝ հաստատական վերնագրերով տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Կարծիքներ