Կործանված Պոմպեյ քաղաքի բացառիկ ցուցանմուշները ներկայացվեցին Ազգային պատկերասրահում

Կործանված Պոմպեյ քաղաքի բացառիկ ցուցանմուշները ներկայացվեցին Ազգային պատկերասրահում

«Մեկ օր Պոմպեյում» ցուցադրության շրջանակում ներկայացված են կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մ. թ 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի՝ Պոմպեյի առօրյայի, նիստուկացի, բարքերի մասին:

Հետաքրքիր ցուցանմուշներով հարուստ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝  նմուշները Պոմպեյի հնագիտական արգելոցից են բերվել Հայաստան և առաջին անգամ են ներկայացվում Կովկասում: «Այս ցուցադրությունն ամփոփում է լեգենդար քաղաքի կյանքը: Այն ոչ թե վախճանի, մահվան, կործանման մասին է, այլ ապրեցնող ցուցահանդես է, որը վերակերտում է կյանքը»,-շեշտեց նա և հավելեց, որ ներառվել է ավելի քան հարյուր արտեֆակտ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ շեշտեց, որ հայերի և իտալացիների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, իսկ ցուցահանդեսը և մշակութային այլ միջոցառումներն օգնում են տեսնելու երկու ժողովուրդների նմանությունները՝ խնդիրներով, նվաճումներով, ավանդույթներով ու սովորույթներով:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ընդգծեց, որ հրաբխային ապարների շնորհիվ  քաղաքում պահպանվել է այն ամենը, ինչին դիպել է լավան՝ թե՛ մարդկանց, թե՛ արվեստի գործերը, թե՛ կենցաղային պարագաները: «Այս ցուցադրությունը եզակի հնարավորություն է ականատես դառնալու ոչինչ չկասկածող բնակիչների առօրյա կյանքին  հենց ողբերգության նախօրեին: Ներկայացված են սքանչելի սափորներ, զարդեր, նույնիսկ սիրահար զույգի կաղապարը»,-ասաց դեսպանը:

Նրա հավաստիացմամբ Պոմպեյի հնագիտական արգելոցն աչքի լույսի պես է պահում ցուցանմուշները և դժվարությամբ է որոշում կայացնում այլ երկրում ցուցադրել դրանք:

Ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և արվեստագետներ, կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության ու Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ և Glocal Project Consulting ընկերության աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում