42-ամյա վարորդը Hyundai Sonata-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ․ կան վիրավորներ
Փետրվարի 23-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա» ՍՊԸ-ի մոտակայքում, ավտոմեքենան մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան տուժածներ։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծաղկի սրահի մեջ, ինչի հետևանքով կոտրվել են սրահի ապակիները և վնասվել՝ ծաղիկները։ Սրահի աշխատակիցներ Ա․ Մ․-ն (ծնված 1986 թ․) և Ա․ Գ․-ն (ծնված 1981 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Կարծիքներ