Թուրքիան դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կկառուցի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կառուցել:
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի՝ Ռիզե քաղաքում թուրքական իշխող կուսակցության համագումարում արված հայտարարությունը:
Նշվում է, որ Սամսուն-Տրապիզոն-Սարպի արագընթաց երկաթուղու նախագիծը երկաթուղային հաղորդակցություն կապահովի Անկարայի, երկրի սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի միջև:
«Մենք արագընթաց երկաթուղով իրար ենք կապում Տրապիզոն, Ռիզե և Արդվին քաղաքները։ Այսպիսով, Ռիզեն առաջին անգամ երկաթուղի կունենա, ես դա ասում եմ՝ նայելով տրանսպորտի նախարարի աչքերին», – ասել է Էրդողանը։
Այս նախագծի իրականացումից հետո Օրդու, Գիրեսուն, Տրապիզոն, Ռիզե և Արդվին քաղաքները միմյանց կմիանան Սամսունից մեկնարկող արագընթաց երկաթգծով, որի շինարարությունը նախատեսվում է սկսել մոտ ժամանակներում:
Կարծիքներ