Պուտինը ժամանել է Փհենյան. հյուսիսկորեական զենքի մատակարարումը՝ հանդիպման հիմնական պատճառ
Փհենյանում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այնուհետև սկսվել է երկու ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, կքննարկվեն ամենակարևոր և զգայուն հարցերը։ Անհրաժեշտության դեպքում հանդիպմանը կարող են միանալ պատվիրակությունների առանձին անդամներ։
Իսկ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ։
Հունիսի 19-ը Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցի հիմնական օրն է։ Այցի ժամանակ ՌԴ ղեկավարը հայտնել է, որ տպավորված է վերջին 24 տարիների ընթացքում ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի վերափոխմամբ։ Վերջին անգամ Պուտինը Փհենյան էր այցելել 2000 թվականին։
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Իր հերթին Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մտադիր է հետագայում էլ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը։ Նա վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան անվերապահորեն կաջակցի Ռուսաստանի վարած ողջ քաղաքականությանը։ Կիմ Չեն Ընը Պուտինի այցն անվանել է պատմական պահ, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ռուս-կորեական հարաբերությունների համար։
Հյուսիսային Կորեայում Վլադիմիր Պուտինին ողջունել են մեծ շուքով։ Կիմ Իր Սենի անվան հրապարակում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո հրետանային համազարկ է տրվել։ Հրապարակը, որում կարող է տեղավորվել 100 000 մարդ, լեփ-լեցուն է եղել տեղի բնակիչներով, որոնք եկել էին ՌԴ նախագահին դիմավորելու։ Պուտինի այցից առաջ Փհենյանի փողոցները զարդարվել են Ռուսաստանի դրոշներով, ռուսերեն և կորեերեն ողջույնի պաստառներով և Վլադիմիր Պուտինի դիմանկարներով։
Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամ։
Կարծիքներ