Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը

Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը

Twitter-ը կկանխի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Twitter-ի հայտարարությունը:

«Եթե ակնհայտ է, որ արգելափակումը շրջանցելու համար մեկ այլ հաշիվ է օգտագործվում է, այն նույնպես կարգելափակվի»,- ասվում է Twitter-ի հայտարարության մեջ, որից հատված է մեջբերում հեռուստաալիքը:

«Ինչ վերաբերում է կառավարական էջերին, ինչպիսիք են @POTUS-ը եւ @WhiteHouse-ը, մենք չենք կասեցնի այդ էջերի աշխատանքը, սակայն միջոցներ կձեռնարկենք դրանց օգտագործումը սահմանափակելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդ որում, սոցիալական ցանցի քաղաքականությունն արգելում է նաեւ երրորդ կողմերին թվիթերյան էջ վարել Թրամփի ցուցումներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Twitter-ն ավելի վաղ հայտարարել էր, որ արգելափակում է Թրամփի անձնական էջը` բռնության հրահրման ռիսկի պատճառով: Դրանից հետո արդեն Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական էջին հրապարակվել էր Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Twitter-ը չի կարող ստիպել իրեն լռել, սակայն այս հրապարակումը եւս հեռացվել էր:

Twitch-ը, Twitter-ը, Facebook-ը, Youtube-ը եւ Instagram-ն ավելի վաղ տարբեր ժամկետներով արգելափակել էին Թրամփի էջերը` Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով: Պատճառը Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքը գրաված ցուցարարներին ուղղված տեսանյութերն ու տեքստային ուղերձներն էին: Մի կողմից նրանց կոչ անելով խաղաղ գործել եւ տուն գնալ` Թրամփը նրանց հայրենասեր էր անվանել եւ հայտարարել ընտրակեղծիքների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում