ՀՀ-ում գտնվող արցախցի դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը կարող են գրանցվել դպրոցներում
Ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով Արցախից ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող դպրոցականները պետք է մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ 1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման: Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։
«Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում։ Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ»,-հայտնում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը քննարկվել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հանդիպմանը: Անդրադարձ է կատարվել Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Այս պահին այդ, ինչպես նաև կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքներ են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։
ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի կարիքը, նրանք հնարավորություն կունենան համագործակցելու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված ուսուցիչները։
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է դասընթացներն առցանց։ Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից։ Արցախում գործող մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս շուտով հանդես կգան ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությամբ։
Կարծիքներ