«Բայ-բայ, Բիբի». Die Tageszeitung-ի անդրադարձն Իսրայելի խորհրդարանական ընտրություններին և քաղաքականության մեջ Նեթանյահուի դերին
Գերմանական Die Tageszeitung հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Իսրայելում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և իսրայելական քաղաքականության մեջ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դերին:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Իսրայելի պարագայում ընտրություններից հետո` նշանակում է ճգնաժամից առաջ: Քանի դեռ Նեթանյահուն ներկա է, Իսրայելը կլինի անկայուն կառավարությունների և սպասելիքների գերության մեջ:
Քանի դեռ Նեթանյահուն մնում է քաղաքականության մեջ, ընտրությունները կեղծ են լինելու: Ի վերջո, խոսքը ոչ քաղաքական գաղափարների, ոչ էլ ավելի լավ, խաղաղ ապագայի հասկացությունների մասին է, այլ միայն այն մասին, թե ով է Նեթանյահուին «կողմ» կամ «դեմ»: Բիբին, ինչպես նրան անվանում է ժողովուրդը, վերջապես պետք է անհետանա էկրաններից:
Լավ նորությունն այն է, որ հրեական պետության 73-ամյա պատմության մեջ առաջին անգամ կարող է ձևավորվել մի կառավարություն, որի մաս կարող է կազմել արաբական կուսակցություն:
Եթե Նեթանյահուին կրկին հաջողվի միավորել իսկապես անհավասար որոշ գործընկերների, ապա Իսրայելը կհայտնվի սարսափի սենյակի շեմին: Որքան, որ համատեղելի են պահպանողական մահմեդականները և ծայրահեղ ուղղափառ հրեական կուսակցությունները, այդքան էլ բարդ է դաշնակցելը կրոնական սիոնիզմի կողմնակիցների հետ: Համենայն դեպս, կուսակցության ղեկավար Բեզալել Սմոտրիչի կողմից այդ տեսլականը հերքվում է:
Մեկ այլ գորշ կարդինալ, ամեն դեպքում, նույնպես բարձր գին է պահանջելու. Նաֆթալի Բենետը` կրթության նախկին նախարարը և վերաբնակեցվածների կուսակցության ղեկավարը, կենտրոնացած կլինի ռոտացիայի վրա` իրեն տեսնելով առաջին տեղում:
Երկրի հոգնածությունը Բիբիից հնարավորություն է տվել մեկ այլ կուսակցության, որը գտնվում է Նեթանյահուի «Լիկուդ»-ից աջ կողմում: Սակայն այս նոր հույսը, «Լիկուդ»-ից նահանջած Գիդեոն Սաարի ղեկավարությամբ, ձախ լիբերալ կուսակցությունների հետ կապում է ոչ այլ ինչ, քան Նեթանյահուից ազատվելու ցանկությունը:
Այժմ Իսրայելին, ինչպես միշտ ընտրություններից հետո, շաբաթների անորոշություն է սպասվում: Արդյունքում, կարող է ստեղծվել մի կառավարություն, որը կլինի պատմության մեջ ամենաաջը, կրոնականը և ռասիստականը:
Որպեսզի որևէ բան ընդհանրապես առաջ շարժվի, Իսրայելը պետք է ազատվի Նեթանյահուի գերությունից: Ի վերջո, միայն այդ դեպքում կարող է ավարտվել կաթվածահար սպասումը, անկայունությունն ու ճգնաժամերի ու նոր ընտրությունների շարքը:
Կարծիքներ