Այն վիճակում չենք, որ մեզ շռայլություն թույլ տանք այս կամ այն հարկը չհավաքել․ Վահան Քերոբյան
Հարկային օրենսգրքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունների հարկային փոփոխությունը կհամապատասխանեցնի հարկային ռեժիմները տեղական և օտարերկրյա ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հայաստանի Հանրապետությունում կան էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում Հայաստանում և դրա համար չեն վճարում։ Այս փոփոխությունը շատ ֆունդամենտալ է, որը մեզ կօգնի, որ մենք ոչ միայն էական հարկային մուտքեր ունենանք, այլ նաև համապատասխանեցնենք հարկային ռեժիմները տեղական և օտարերկրյա ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Օրինակ՝ լրատվական ծառայություններն էլ վճարում են ավելացրած արժեքի հարկ, բայց այդ ընկերությունները չեն վճարում, այնպես ինչպես դուք։ Այնպես որ՝ հավասարեցվում են մրցակցային դիրքերը»,- ասաց նա։
Քերոբյանի կարծիքով՝ այս փոփոխությունը մեկ քայլ առաջ կտանի համակարգը, և դաշտ կմտնեն այն անձինք և ընկերությունները, որոնք աշխատում են այդ էլեկտրոնային հարթակների հետ։
«Եթե որևէ վարորդ ծառայություն է մատուցում Yandex taxi-ին, այդ մարդիկ ևս կմտնեն հարկային դաշտ։ Մենք պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության տակ, կարծում եմ, մինչև տարվա վերջ, որովհետև այս տարի արդեն մի քանի քննարկում ենք ունեցել տաքսի և ուղևորափոխադրումների ոլորտների հարկման վերաբերյալ։ Ընդամենը մեկ-երկու հանդիպում, և համապատասխան նախագծերը կմտնեն շրջանառության մեջ։ Մեր խնդիրներից է այնպես անել, որ բոլոր մարդիկ, որոնք եկամուտ են ստանում, մասնակցեն պետության ծախսերին։ Մենք հիմա այն վիճակում չենք, որ մեզ շռայլություն թույլ տանք այս կամ այն հարկը չհավաքել»,- ասաց Վահան Քերոբյանը:
Կարծիքներ