Ընդդիմությունը ներկայացրեց ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու իր հիմնավորումները

Ընդդիմությունը ներկայացրեց ԱԺ-ում Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու իր հիմնավորումները

ՀՀ ազգային ժողով ընդդիմադիր խմբակցությունները պնդում են՝ ԱԺ-ում պետք է ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, և այն պետք է ղեկավարի ընդդիմությունը:

 «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը մասնավորապես ասաց. «Եթե մենք ընդունում ենք, որ այսօր ՀՀ-ի հիմքը Արցախն է, Արցախն է եղել այս հանրապետության անկախության կերտման անկյունաքարը, եթե մենք ընդունում ենք, որ Արցախն այսօր ապրում է իր պատմության ամենածանր օրերը և եթե ընդունում ենք, որ խորհրդարանն ունի այս երկրում անելիք, ինչո՞ւ չենք ընդունում, որ պետք է այս խորհրդարանն ունենա Արցախի հարցերի առանձին հանձնաժողով»,-ասաց Խաչատրյանը:

Նա հավելեց՝ այդ հանձնաժողովում կարող են քննարկել շատ հարցեր, օրինակ՝ Արցախին տրամադրվող աջակցության օրենքով կարգավորումը, արգելումը՝ օրինակ Արցախ բառն օգտագործել առանց Հանրապետություն բառն օգտագործելու:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանն էլ անդրադառնալով իշխանական պատգամավորների հարցին, թե ինչու 30 տարի Արցախի հարցերով հանձնաժողով չի ստեղծվել՝ հիշեցրեց Արցախի պատերազմի մասին: «Ամեն ինչ կտայի, որ չլիներ Արցախյան պատերազմը, չզոհվեին մեր տղաները և չկորցնեինք Արցախի մեծ մասը, ունենայինք գործուն, կայուն արյդունավետ գործող անվտանգային համակարգ»,-ասաց նա:

Ղազինյանը պնդեց, որ պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը:

Այդ հանձնաժողովը, ըստ նրա, պետք է դառնա համազգային ուղեղային կենտրոն Արցախի վերաբերյալ մշակվող պետական և հանրային քաղաքականության համար, պետք է դառնա տեղեկատվության, մտքի, ծրագրերի և գաղափարների շտեմարան, որից պետք է օգտվեն նաև մյուս մշտական հանձնաժողովները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում